14.03.19
Ազգային հիփոթեքային ընկերության և և Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ:
Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի և Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Կորեայի հանրապետություններում բնակարանային ֆինանսավորման ոլորտների համատեղ զարգացման նպատակով։ Հուշագիրը ստորագրել են Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանն ու Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի նախագահ և գործադիր տնօրեն Յունգ Հվան Լին:
Հուշագրի հիմնական նպատակն է սկիզբ դնել բնակարանային ֆինանսավորման և հիփոթեքային շուկայի զարգացման ոլորտներում համագործակցության՝ ոլորտին բնորոշ ընդհանուր խնդիրների համատեղ ուսումնասիրության, գիտելիքների և փորձի փոխանակման միջոցով։
ՀՀ Կենտրոնական Բանկում տեղի ունեցած հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը նշեց, որ Ընկերությունն ակտիվորեն զարգացնում է վերաֆինանսավորման գործիքակազմը` այն համապատասխանեցնելով ոլորտի պահանջներին և միջազգային լավագույն փորձին։ Կորեայի հանրապետությունն անհամեմատ առաջադեմ է հիփոթեքային ոլորտում ֆինանսական գործիքների կիրառության մեջ և համագործակցությունը թույլ կտա սովորել հաջողված փորձից։
Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի գործադիր տնօրեն Յունգ Հվան Լիի խոսքով ոչ մի երկրի չի հաջողվել լուծել իր բոլոր խնդիրներն ինքնուրույն և փորձի փոխանակումը կնպաստի կազմակերպությունների ընդհանուր առաքելության իրագործմանը, ազգային բարեկեցության բարելավմանը և ազգային տնտեսության զարգացմանը։
Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիան հիմնադրվել է 2004 թվականին կառավարության կողմից, որի հիմնական նպատակն է ապահովվել Կորեայի հանրապետությունում բնակարանային բարեկեցություն։ Կորպորացիան իրականացնում է 4 հիմնական գործառույթ՝ հիփոթեքային վարկավորում, արժեթղթավորում, բնակարանային ֆինանսավորման վարկային երաշխիքների տրամադրում և տարեց քաղաքացիների աջակցություն հակադարձ հիփոթեքային վարկավորման միջոցով։
Ազգային հիփոթեքային ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հիփոթեքային շուկայի զարգացման և բնակարանային ֆինանսավորման հասանելիության ընդլայնման նպատակով։ Ընկերությունն իրականացնում է ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկերի վերաֆինանսավորում։ Ներկայումս Ընկերությունը համագործակցում է Գերմանական KfW բանկային խմբի, Ֆրանսիայի զարգացման գործակալության, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։

 

 

 

 

 

 

 

 

Վերադառնալ
Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 13.05.2019 17:51